Thursday, May 8, 2014

Իմ երջանկության չորրորդ դարակում


 Ապրում, ապրում, ապրում ես ու մեկել զգում, որ արդեն մեծացել ես, ու քեզ ոչ բոլորն են ժպտում: Բայց երբ ավելի ես հասունանում հասկանում ես որ դա նորմալ է, որովհետև դու էլ վաղուց արդեն բոլորին չէ որ ժպտում ես: Պարզապես չժպտալու ավելի շատ պատճառներ ունես: Հիմա ես մեկն եմ միշտ չժպտացողներից: Ու ես ունեմ իմ խնդիրները: Իսկ իմ երջանկության գանձատուփը ես իմ մենության թաքստոցում եմ պահում` բարի ու չար հուշերիս և մեծ ու փոքր երջանկություններիս կողքին: Եթե համակրում եմ մեկին` միանգամից տանում եմ իմ մենության թաքստոց: Երանի թե այսքան պարզ լիներ վիճակս ինչքան քիչ առաջ ասված խոսքս է: Կարելի է ասել, որ պարզ էր մինչև երես թեքումները իմ կյանքի: Հետաքրքիր բան է կյանքը: Մարդիկ երես են թեքում քեզնից ու միայն այդ ժամանակ ես նրանց դեմքը տեսնում: Իսկ երբ նրանք նկատում են, որ տեսար իրենց դեմքը, փակում են այն ու երեսը թեքած փախնում, թե ուր` չգիտեմ: Ես դեռ ոչ մի անգամ այդտեղ չեմ փախել: Թե երես եմ թեքել միշտ թաքուն նայել եմ թե ինչպիսին է նա, երբ ես չկամ: Թե նրա համար մեկ է` հեռանում եմ, թե մենակ է նա փախնում եմ նրա մոտ: Հիմար եմ երևի, որ դեմքս ցույց եմ տալիս ու կարճ ժամանակ անց երես թեքում: Իմ երջանկության չորրորդ դարակում` երես չթեքածների բաժանմունքում երկու բան եմ ես պահում` շոկոլադ ու մի կտոր արև: Ես հիմարաբար ամեն նոր հանդիպման դիմացինիս հետ քաղցր եմ ու արևի պես ջերմ: Ցավոք հիմնական մասը ծանոթություններիս այդպես էլ չեն հայտվում իմ երջանկության չորրորդ դարակում: 

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete