Monday, April 14, 2014

Հանգած լապտերների փողոցում



Ես.

Իմ կեղտոտ պատուհաններից տասը սիրտ այն կողմ` <<Հանգած լապտերների>> փողոցում են հավաքվում նրանք: Չնայած նրանք ընդամենը տասը սիրտ են ինձնից հեռու, կարծում են թե տասը կյանք վերև են և տասը ճակատագիր առաջ: Ես ապրում եմ քսանմեկերորդ դարում, որտեղ հաջողության են հասնում նրանք, ովքեր հասկանում են տվյալ պարագայում վատն է լավ, թե` լավը: Ես այդ շնորքը չունեմ: Ես մի թափառական եմ, ով անգամ չգիտի նկարիչ է, գրող, երգիչ կամ թե պատմաբան: Ես միայն գիտեմ, որ լուսամուտներս կեղտոտ են: Հաջողության հասնողները իրենց լուսամուտները կեղտոտ չեն թողնում:

Նրանք.

Թե որտեղ են նրանք ապրում` չգիտեմ, իմանալու ցանկություն էլ չունեմ : Միայն գիտեմ որ նրանք հավաքվում են Հանգած լապտերների փողոցի հին սրճարանում, որը չնայած իր վաղեմությանը դեռ չի կորցրել իր համբավը : Նրանք հավաքվում են այտեղ և բամբասում` իմ ու քո մասին և ոչ մի ժպիտ, իսկ թե ինչ են բամբասում` նրանք գիտեն: Նրանք սիրում են նստել, բամբասել և ծիծաղել:

Մենք.

Իսկ այ մենք... Մենք ապրում ենք Դղյակների 17 հասցեում` մի կիսավեր շինության մեջ: Մենք` չնայած բավական գումար չենք աշխատում բարեկեցիկ կյանք ունենալու համար, բայց երջանիկ ենք, եթե հաշվի չառնենք, որ հաճախ ստիպված ենք լինում դուռը չբացել, երբ տեսուչներն են գալիս: Մեր տանը մենք ունենք երկու մահճակալ, երկու աթոռ և մեկ նվագարկիչ: Երբ անձրև է գալիս մենք միացնում ենք շոտլանդական երաժշտություն և սկսում պարել` խելահեղ շարժումներ անել և պտտվել: Երբ բոլորը քնում են մեր երջանիկ ուրվագծերը երևում են Հանգած լապտերների փողոցում: Իսկ լուսնի գիշերը մենք պարում ենք լուսնի տակ` կապույտ լույսով... Չնայած մեր լուսամուտները կեղտոտ են, մենք երջանիկ ենք...

1 comment:

  1. էլ բառեր չկան.. ամբողջ թափով շնչել էի այս տողերը

    ReplyDelete