Monday, March 16, 2015

«Բալենիների այգին»





ռուզգյար` քամի (թուրքերեն)

Ասիան Եվրոպայից անջատված էր նրանց այգով և նրանց այգին էր Եվրոպան կապում Ասիային։ Ստամբուլի հայ վաճառական էր այգու տերը՝ Ներսես աղան։ Իսկ ես հովիկ էի, ով Վանից փչեց Ստամբուլ և առաջին անգամ սիրահարվեց։ Անահիտն էր՝ Ներսեսի աղջիկը։ Անահիտը բալենու նման տալիս էր իր բարությունը քամուն իսկ քամին անցնելով Ստամբուլի փողոցներով, արևելքին արևմուտք խառնելով չէր կորցնում Անահիտի բալաբույրը, հետո քամին նորից սուրում էր Անահիտի տան մոտով, փնտրում նրան, հաճախ չգտնելով ուժեղ ֆշշացնում, պոկում Անահիտի լուսամուտից երևացող բալենիների այգու բոլոր ծաղկաթերթերն ու պարեցնելով օդում անց կացնում Բոսֆորը, հասցնում  Ստամբուլի կենտրանական հրապարակ։ Իսկ բալենիները չէին չարանում, աշխատում էին նորից, ծաղկում կրկին, արմատներն ավելի խորը մտցնելով հայրենի հողի մեջ իսկ Ստամբուլի ռուզգյարը գալիս էր նորից, փնտրում Անահիտին, ու չգտնելով ամեն գարուն պոկում բալենիների ծաղկաթերթերը ու իր հետ հասցնում Ստամբուլի հրապարակ։ Բալենիները Ստամբուլում միամիտ էին, ներող ու մեծասիրտ նրանք արագ մոռանում էին թե ինչպես անցած գարնանը մոռթվեցին ռուզգյարի կողմից ու ձնհալի հետ սկսում իրենց բույրը քամուն նվիրել։ Բայց չար էր ռուզգյարն ու գոռոզ և ցանկանում էր տիրանալ Անահիտին։ Նա պատրաստ էր հազար անգամ անցնել Բոսֆորը, խառնել Եվրոպան, շուռ տալ արևմուտքն ու արևելքն անգամ, միայն թե Անահիտը բաց աներ պատուհանը, որ ինքը գոնե մի անգամ ներս մտներ սենյակ։ Իսլ Անահիտը փակում էր անգամ վարագույրը, երբ տեսնում էր ռուզգյարին ու միայն երբ հովիկն էր թռչկոտում այգում բացում էր պատուհանը, նայում հեռուն ու թողնում, որ հովիկն  իր վարսերին բերի Մարմարա ծովի թարմությունն ու պար բռնի փեշերի հետ։ Ռուզգյարը զայրացավ ու փրփռեց ու մի անգամ երբ շաչում էր իր տառապաքի մասին, շուկայի կողքին լսեց խշշոց մի ծառի որն ուներ ծաղկի անուն։ Ռուզգյարը հանդարտվեց, ցած իջավ, հանգիստ բերեց ու լուռ խոսեց իրեն հակինթ կարծեցող թթենու հետ։ Թթենին ասաց Ռուզգյարին, որ եթե ջնջի բոլոր հովերն աշխարհի, ու տապալի բալենիները Թուրքիայի և միայն մեկին թողնի նրանցից,  օրինակ` Անահիտին, ապա Անահիտը ստիպված կսիրի նրան։ Լսեց «Հակինթին» հիմար Ռուզգյարը ու տապալեց բոլոր բալենիներին, կոտրել փորձեց բոլոր հովերին, բայց սարի հովերն ընդդիմացան մի կողմ փչեցին, հողը բարձրացրին, լցրին Ստամբուլում, անցան Բոսֆորով Սալոնիկ հասան ու հանդարտվեցին, հետո մի տագնապ պատեց հովերին` բալենիները պոկվում էին հայրենի հողից։ Հովերը շփոթվեցին, իրենց պարտված կարծեցին ու որոշեցին ընկնել դռնեդուռ(և սխալվեցին)` Ռուսիա, Բրիտանիա, Գերմանիա հասան, Փարիզում փոքր-ինչ ընդդիմացան բայց բերք չտվին բալենիները, տեղը տնկվեցին թթենիները՝ աղտոտելու մայթերը բոլոր, կեղտոտելու սպիտակ փեշերը ու կրունկին կպած քարշ գալով թեկուզ` կեղտոտելու հայոց գորգերը։ Ռուզգյարը հաղթած համարեց իրեն, բայց թերթիկները բալենիների օտար հողում նոր ուժ ստացան ու դարձան ծառեր, որ շատ ծաղկեցին և ոտքի կանգնած բալ ուղարկեցին փոքրիկ Բալաստան երբ քիչ էր բերքը մեր ծառերի, հետո տնկվեցին Եվրոպայով մեկ, փակեցին ճամփան ռուզգյարների ու շարունակում են դեռ հաղթող այդ ճամփան, բայց ռուզգյարն էլ խելոք գտնվեց՝ եկավ Հայաստան, թթենի տնկեց, որոնք հզորացան, երկրի տեր դարձան, արմատներ գցին օտար ջեննեթում, կերան բալերը, անգամ կորիզները հեռուն նետեցին, որ էլ հետ չգան, որ կորչեն հավետ։ Բայց բալենիները դեռ ծաղկում էն` լինի հեռու տեղ թե մայր հողի մեջ, տալիս էն դառը բույրը անցյալի ու հիշեցնում թթենիներին, որ կա Բալաստան, որ ծաղկում են դեռ, ու պիտի ծաղկեն ու բերք պիտի տան...

No comments:

Post a Comment